ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գլխավոր ֆինանսական կառավարման տնօրեն Ջիմի Պատրոնիսը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին՝ Ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյից Ֆլորիդա տեղափոխելու առաջարկով:
Պատրոնիսը առաջարկել է դիտարկել 2021 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ավելի ստույգ՝ Ֆլորիդա նահանգ տեղափոխելու հնարավորությունը:
Ըստ պաշտոնյայի՝ Օլիմպիական խաղերի անցկացման իրավունք ստանալու ցանկությունն առաջացել է այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Տոկիոյի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է չեղյալ հայտարարել 2021 թվականի ամառային խաղերը (հետագայում այդ տեղեկությունը հերքեց Ճապոնիայի կառավարությունը և ՄՕԿ-ը):
Պատրոնիսը նշել է, որ Ֆլորիդայում կան բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու մարզական օբյեկտները Օլիմպիական խաղերն անցկացնելու համար:
ՄՕԿ-ը նշել է, որ նրանք չեն ստացել պաշտոնյայի նամակը:
«ՄՕԿ-ը նման նամակ չի ստացել: Օլիմպիական խաղերը կմեկնարկեն Տոկիոյում հուլիսի 23-ին, իսկ պարալիմպիկ խաղերը ՝ օգոստոսի 24-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: