«Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահնորդական ստորաբաժանում է ձևավորվել, որը զբաղվում է շուրջօրյա հսկողությամբ, մասնավորապես, որսագողության դեպքերի բացառման ուղղությամբ: Արդեն երկու որսագողության դեպք է կանխվել. մեկի փաստերով քրեական գործ է հարուցվել բեզոարյան այծերի ապօրինի որսի փաստերով: Այս մասին ասուլիսին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների հետ պայմանավորվելու արդյունքում տեխնիկական վերազինման համաձայնության ենք եկել և շուտով հակահրդեհային և անվտանգային նոր համակարգեր կտեղադրվեն շուրջ 24 հազար հեկտար տարածք ունեցող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ պահպանությունը ավելի բարձր որակով իրականացնելու նպատակով: Հուրախություն նաև մեր լեռնային, արշավային տուրիզմի սիրահարների՝ այս պահին էկոտուրիզմի բաղադրիչի ներդրման մեծ նախագիծ ենք իրականացնում Խոսրովի արգելոցում: Արդեն արշավային տուրիզմի սեզոնին ընդառաջ՝ գարնանամուտին, կունենանք հստակ առաջարկներ: Հիմնականում վճարումը կկատարվի օնլայն տարբերակով, և կոնկրետ աշխատակիցներ արգելոցի աշխատակազմում կզբաղվեն բացառապես էկոտուրիզմի ոլորտի սպասարկմամբ»,- ասաց նախարարը:
Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնեց, որ Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել: Տարեսկզբից հայտավորվելու են բոլոր՝ ներգնա և ներքին տուրիզմով զբաղվող տուրիստական օպերատորները, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում:
Ստացված քվոտաների շրջանակում որոշակի վճարումների դիմաց Խոսրովի արգելոցի էկոտուրիզմի բաժնի մասնագետներն ուղեկցորդի և անվտանգության ծառայություններ են մատուցելու՝ օրինական, պայմանագրային հիմքերով: