Մինչև հունվարի 28-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, պայմանավորված համավարակով, կանցկացվի հիբրիդային տարբերակով: Պատվիրակների մի մասը հեռավար է մասնակցում, մյուսները՝ ժամանել են Ստրասբուրգ: Ֆրանսիայի արևելքում է նաև Հայաստանի պատվիրակությունը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Ստրասբուրգ չեն մեկնել Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել, պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձնելու պահանջով։ Այս թեման Հայաստանի պատվիրակության համար գլխավորն է, որ պետք է խոսեն եվրոպական խորհրդարանի կուլիսներում ու բարձր ամբիոնից:
Հայկական պատվիրակությունը հրատապ հարցերի շրջանակում առաջարկել էր ներառել նաև Ադրբեջանի իշխանության կողմից հայ գերիների հայրենիք վերադարձի անհիմն ձգձգումը` որպես մարդու իրավունքների եվրոպական միջազգային նորմերի խախտում: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից:
Հայկական օրակարգի գլխավոր հարցը, սակայն, Եվրոպայի կարևորագույն հարթակից հնչեց տարբեր շեշտադրումներով:
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվել Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը վերածվել է 44-օրյա պատերազմի՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց՝ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին, և այդ հարցն այժմ ամենակարևորն է:
Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հարձակման ենթարկվեց ոչ միայն ադրբեջանցիների, այլև արտասահմանցի գրոհայինների ու վարձկանների կողմից, որոնց հակամարտության գոտի էր տեղափոխել Թուրքիան: Այս փաստը արձանագրել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների առաջնորդներն ու անվտանգության կառույցների ղեկավարները, միջազգային լրատվամիջոցները, Human Rights Watch-ը: Բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ են հայտնվել ադրբեջանական սոցիալական հարթակներում, որոնք տարածում են հայերի նկատմամբ դաժան վերաբերմունի ու բռնության կոչեր: Այսօր, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները, ամենահրատապ հարցը հայ ռազմագերիների վերադարձն է:
Ռուբինյանն իր խոսքում նաև հիշեցրել է պատվիրակներին՝ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, և վտանգի տակ դնում Արցախի տարածքում ապրող էթնիկ հայերի կյանքը: