ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ելույթով է հանդես եկել Վեհաժողովում: Իր ելույթում նա մասնավորապես անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին:
«Մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել, որ այս մարդկանց Ադրբեջանը պահում է ոչ թե որ նրանք որևէ հանցանք են գործել, այլ դա անում է պարզապես նրանց հայ լինելու համար:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհուրդը կարող է ունենալ անդամ, որը այլ երկրի հովանավորչության արդյունքում հայերի դեմ ռասայական խտրականության քաղաքականություն է վարում: Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է հայերի ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյությանն ընդհանրապես:
Հարգելի՛ գործընկերներ, ես հավատում եմ, որ եվրոպական արժեքներն էական են ժողովրդավարության կառուցման հարցում:
Հավատում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումների իրականացումը շատ կարևոր է, հավատում եմ, որ պետք է մեկտեղենք ջանքերը ռազմագերիներին ազատելու հարցում, նրանք գերեվարվել են ռասայական խտրականության հետևանքով:
Կարծում եմ, որ մենք չենք կարող հանդուրժել ռասիստական պետության առկայություն Եվրոպայի խորհրդում, և անդամ բոլոր երկրները պետք է հարգեն ՄԻԵԴ-ի որոշումները»,- ասել է Վարդանյանը: