Հենց այդպես էլ վերնագրվել է «Հովերի» նոր նախագիծը՝ Հովհաննես Գրիգորյանի «Պարզ ու հասարակ բաներ» բանաստեղծական տողով: Աշխատանքային երկու անվանումից, «Հովերի» գեղարվեստական ղեկավարի պնդմամբ՝ ընտրվել է ճշմարիտ արժեքների մասին պոետիկ ձևակերպումը:
Նախագիծը, ըստ էության, 1 ժամից ավելի տևողությամբ՝ 9-մասանոց ստեղծագործություն է դաշնամուրի և երգչախմբի համար, որի հեղինակն է Վաչե Շարաֆյանը: Գաղափարը ծնվել է 1 տարի առաջ, երբ Արմեն Բաբախանյանն իր վաղեմի ցանկությունը քննարկեց գործընկերների հետ:
Նախնական գաղափարին հետևեց առաջարկը՝ երաժշտությանը հավելել նաև թատերական գործողություն և բանաստեղծական տեքստեր: Բեմից հնչում են հայ և օտարազգի պոետների՝ Հովհաննես Գրիգորյանի, Զահրատի, Համո Սահյանի, նաև՝ Ուիթմենի և Բրոդսկու լավագույն գործերից կտորներ, որոնք կարևոր ուղերձներ ունեն հանդիսատեսին:
Մի ամբողջ տարի, երբ խմորվում ու գործնական ընթացք էր ստանում նախագիծը, հեղինակային խուբն ու երգչախումբն աշխատում էին արտակարգ պայմաններում: Նախ քովիդով պայմանավորված մեկուսացումն էր, ապա՝ պատերազմը, և դժվար է հավատալ, որ նախագիծն իրականություն կդառնա:
2021 նոր համերգաշրջանը «Հովերը» սկսում է Կոմիտասի, Հովհաննիսյանի, Երկանյանի ստեղծագործությունների կատարմամբ և նոր նախագծի 4 մասի պրեմիերայով: Իսկ ամբողջական նախագիծը կներկայացվի փետրվարին՝ այն նվիրելով Վաչե Շարաֆյանի հոբելյանին: