«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վարչապետի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում են ունենում Արարատի մարզում:
«Ե՛վ հանրահավաքներ կլինեն, և՛ այսպիսի դահլիճային հանդիպումներ»,- հայտարարել է Մանուկյանը հանդիպման ժամանակ: Նա անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողություններին: «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք: Ուզում ենք դուրս վռնդենք Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ դա ժողովրդի իրավունքն է և որ այդ իրավունքն ամրագրված է ԱՄՆ անկախության հռչակագրում և Գերմանիայի սահմանադրության մեջ: «Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»,- ասել է նա:
Արարատում մինչև հանդիպումը նաև միջադեպ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ու տեղի բնակիչներից մի քանիսի միջև: Արարատցիները ցանկացան Վազգեն Սարգսյանի արձանին Մանուկյանի դրած ծաղիկները վերցնել ու դեն շպրտել, և միջադեպ սկսվեց նրանց ու «Հայրենիքի փրկության շարժման» անդամների միջև: