Փոխադարձ ծափերով ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Մարիինյան թատրոնի թիմը միմյանց ողջունում են շատ պատասխանատու ու բարդ աշխատանքի ավարտի կապակցությամբ. ձայնագրել են Բեթհովենի 1-ին, 2-րդ և 5-րդ սիմֆոնիաները: Մարիինյան թատրոնի խմբին ապշեցրել է հետպատերազմական Հայաստանից հնչած՝ Բեթհովեն ձայնագրելու առաջարկը, բայց Երևան գալով՝ ճգնաժամը հաղթահարելու մեծ կամք ու ուժ են տեսել:
Դմիտրի Կազակով (Մարիինյան թատրոնի ստուդիայի բեմադրող ռեժիսոր) - Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորը հասկանան, որ կա ուժ և հույս, և մենք էլ եկել ենք ձեզ աջակցելու մեծ ցանկությամբ: Հասկանալի է, թե ինչ իրավիճակ է, և մարդիկ փոքր-ինչ ճնշված են, բայց որևէ խնդրի չբախվեցինք, և նվագախումբն էլ անում է ամենը կատարյալ որակ ստանալու համար:
Հանճարեղ կոմպոզիտորի 250-ամյակին նվիրված «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Երևանը հյուրընկալելու էր տասնյակ ճանաչված մենակատարների և դիրիժորների, համավարակը խախտեց բոլոր ծրագրերը: Այդուհանդերձ, ֆիլհարմոնիկը նախաձեռնեց բացառիկ մի մասշտաբային նախագիծ՝ ձայնագրել ու տեսագրել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները:
Այս աննախադեպ նախագիծն իրակացնելու համար բանակցություններ են վարել աշխարհի լավագույն խմբերի հետ՝ սկսած Կոնցերտգեբաուի թիմից մինչև Մարիինյան թատրոն: Ի վերջո, Վալերի Գերգիևի աջակցությամբ Երևան ժամանեց Մարիինյան թատրոնի 14 բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմը, այդ թվում նաև Իլյա Պետրովը, որ «Գրեմմիի» է նոմինացվել Ռիմսկի -Կորսակովի «Ոսկե աքաղաղ» օպերայի ձայնագրության համար: Նրան հարգանք է ներշնչել ֆիլհարմոնիկի նվիրվածությունը գործին:
Իլյա Պետրով (Մարիինյան թատրոնի ստուդիայի հնչյունային ռեժիսոր, «Գրեմիի» հավակնորդ) - Շատ սիրեցի ձեր նվագախումբը: Ինձ ոգեշնչում է, երբ մարդիկ աշխատանքին վերաբերվում են նման ահռելի էներգիայով: Շատ հեշտ աշխատեցինք՝ փոխըմբռնման մթնոլորտում, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք կունենանք;
Հայաստանի երաժշտարվեստի պատմության մեջ աննախադեպ այս ձեռնարկը մեծապես կնպաստի ֆիլհարմոնիկի միջազգային ճանաչմանը:
Այժմ, երբ բեթհովենյան նախագիծն արդեն իրողություն է, Ֆիլհարմոնիկում մտածում են մյուս խոշորամասշտաբ ծրագրի՝ Խաչատրյանի բոլոր ստեղծագործությունների ձայնագրության մասին: