Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Լիլիթ Մակունցն է, որևէ այլ նշանակում չկա, կան խոսակցություններ, որոնց մասին տիկին Մակունցը տվել է իր մեկնաբանությունները:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ խոսակցություններին:
«Նման խոսակցություններ գալիս են և ստեղծվում են ցանկացած նշանակման վերաբերյալ: Խմբակցության ներսում չի եղել նման քննարկում: Մենք քննարկումը տեսանք՝ որտեղից սկսվեց»,- ասաց Դավոյանը:
Նրա խոսքով՝ երբ կլինի նշանակումը, այդ ժամանակ նոր կխոսեն: Հարցին՝ արդյոք Մակունցը «լա՞վ կադր» է՝ տվեց դրական պատասխան:
«Այո՛, նա կարող է լինել լավ դեսպան»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ինքը կարող է նշանակվել «Իմ քայլը» խմբակցություն ղեկավար, Դավոյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ հենց հիմա առաջին անգամ ձեզանից լսեցի, հետևաբար չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ: Նման քննարկում չկա և չի էլ եղել: Եկեք՝ լինի նման խոսակցություն, նոր կմեկնաբանեմ»:
Հարցին՝ ո՞ւմ անունն է շրջանառվում խմբակցության ղեկավարի պաշտոնում, պատասխանեց՝ այս պահին նման քննարկում չկա: