Պարտաճանաչ ՀԴՄ տպելով հանդերձ՝ բիզնեսը հարկայինին խաբելու նոր ձև է գտել: Տնտեսվարողների վերջին այդ հնարամտությունը ՊԵԿ-ն արդեն բացահայտել է և խախտումների շարքում դասակարգել որպես անցած տարվա նորույթ:
Շրջանառությունը պակաս ցույց տալու նպատակով որոշ խանութներ, պարզվում է, ոչ ավել ոչ պակաս, խառնում են դրամարկղային սարքի ծրագիրն ու սպառողին կտրոն տալուց հետո՝ գործարքի գինը նվազեցնում, նոր միայն առևտրի տվյալը փոխանցում են ՊԵԿ-ին:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության բաժնի պետ) - Իրականում տպված, ասենք, 1000 դրամի կտրոնից ապրանք են հանում ու 700-ի պիտակ ուղարկում ՊԵԿ:
Ըստ Կարեն Թամրազյանի՝ խախտում կատարած ընկերությունները հայտնվել են ստուգողների մշտական հսկողության տակ: Առաջիկայում խիստ ուշադիր են լինելու նաև՝ մինչև հիմա հին սերնդի ՀԴՄ-ով աշխատողների նկատմամբ. մոտ 5000 նման տնտեսվարող կա:
Սկսված տարվա մյուս թիրախը՝ միկրոձեռնարկատերերի արտոնյալ դաշտը, հնարավորինս մաքրելն է: Օրենքի բացթողումն օգտագործելով՝ մարդիկ աշխատանքային պայմանագիրը լուծարում, ձևակերպվում են անհատ ձեռնարկատեր ու խուսափում հարկ վճարելուց՝ գործող սխեման օրինակով ներկայացնում է ՊԵԿ-ի վարչարարության պատասխանատուն:
Կարեն Թամազյան - Ֆիթնես ակումբը մարզիչին հորդորում է գրանցվի անհատ ձեռնարկատեր և մարզիչի ծառայություն մատուցի՝ ու հարկ չգեներացնի:
Ռիսկային ոլորտներն աչքի առաջ՝ ՊԵԿ-ը նախորդ ամիսներին 14 հազարից ավելի հսկողական միջոցառում է իրականացրել, գերծանրաբեռնել հարկային տեսուչներին:
Կարեն Թամազյան - Ավելի քան 1000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ տեղափոխվել է կամ շրջհարկի դաշտ, կամ ԱԱՀ դաշտ, այսինքն՝ ընդհանուր հարկման դաշտ, ռիսկերը բացահայտվել են:
Թաքնված աշխատատեղերը բացահայտելու ուղղությամբ՝ ՊԵԿ-ի գործը մի քիչ հեշտացել է. կորոնայի փուլում, երբ հարկային-մաքսայինը Կառավարության 5 ծրագրով 9 մլրդ դրամ աջակցության գումար բաժանեց տնտեսվարողներին:
Շատերը հասկացան՝ ճիշտը հաստիքները գրանցելն է: Դրա շնորհիվ էր, որ նախորդ սեպտեմբերին երկրում՝ 632 հազար զբաղվածով... բոլոր ժամանակների ռեկորդ սահմանվեց: