Հայկական նախագծով, տեղական հումքով, հայ մասնագետների միջոցներով 3D հաստոցներով քայլ-քայլ անօդաչուի դետալներ են արտադրում, հավաքում: Գծագրից մոդել մեկ քայլ է: Մինչև հիմնական մոդելը արտադրելը նախ՝ նախնական տարբերակն է:
Այսպես հերթով՝ մի տեղ մոդելավորում, դետալներ տպում, մեկ այլ տեղ՝ անօդաչուի համար հոսանքի փոխակերպում են կատարում:
Սա հիմնական՝ կառավարող անօդաչու թռչողն է կամ մայր ԱԹՍ-ն, որ կոորդինացնելու է կամիկաձե փոքր սարքերին՝ կոորդինատներ ու հրահանգներ փոխանցելով մյուսներին: Մեկ շաբաթից առաջին փորձնական թռիչքն է, մինչ այդ թևերի աշխատանքի ստուգումն է:
Նախագծող-մոդելավորողների հետ նրանց կողքին ուսանողներ են: Օր ու գիշեր աշխատում են, որ անշունչ թռչունները շունչ առնեն, օդ բարձրանան:
Ուսանողներն էլ իրենց առաջարկն ունեն. մեծ անօդաչուի կողքին փոքր տարբերակն է՝ փոքրերի համար. 9-12 տարեկաններին առաջարկում են անօդաչու պատրաստել սովորել:
Հայ մասնագետները դեռ 44-օրյա պատերազմին են միացել, խումբ կազմել, որոշել սեփական միջոցները ներդրել՝ քարը քարին դնել, օգնել բանակին՝ ռազմարդյունաբերությանը:
Տարբեր ոլորտի մասնագետները նպատակ են դրել մեկ տարածքում մեկտեղել մշակույթն ու տեխնոգիտությունը: Առաջին փորձնական ԱԹՍ-ները արդեն որպես թանգարանային նմուշ են այստեղ:
Արա Շահումյան (նկարիչ, «Հայ նախաձեռնության» անդամ) - Սրանք այն նախնական տարբերակներն են, որոնց վրա մենք սովորեցինք, նյութը ճանաչեցինք, հիմա թանգարանային նյութ են դարձել:
Գիտությունը բանակ բերելու և ռազմարդյունաբերությունը զարգացնելու հիմքում մեկ բռունցք դառնալու գաղափարն է: