ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը մասնակցում են հեռակա:
«Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը:
Կան նաև այլ խնդիրներ՝ պատերազմական հանցագործություններ, հայատյաց քաղաքականություն, ահաբեկիչների ներգրավում, որոնց առաջիկա ելույթների ժամանակ կանդրադառնան պատվիրակության անդամները:
Այսօր քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում ևս մեկ անգամ շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը՝ օրինակ բերելով, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է:
Դա աննախադեպ երևույթ է ու ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում»,- գրել է Հայրապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով։