Հադրութում զոհված Միքայել Հարությունյանի անձնական իրերը հասել են ընտանիքին ու դարձել մասունք։ Դպրոցականներից ստացած նամակները, թղթին հանձնած իր հուշերը, հեռախոսը, անգամ՝ զինվորական երդման տեքստը խնամքով պահել էր, որ տուն բերեր։
Ծառայության 1 տարի 3 ամիսը ամեն օր ջնջել, հասել էր սեպտեմբերի 27-ին ու կանգ առել։ Հետո շարքային Հարությունյանն արդեն ոչ թե օրերն է հաշվել, այլ իր կրակած փամփուշտները։ Մարտական ընկերները ծնողներին պատմել են, թե՝ ինչպես է թեժ մարտերի ժամանակ հոգ տարել նորակոչիկների մասին։
Սիրանուշ Հովհաննիսյան - Սովորեցրել է կրակել, պաշտպանվել, ասել է՝ հարձակման դեպքում դուրս չես գա, ոտքերիս մոտ կլինես, մագազինս կլցնես:
Հեռախոսային կարճատև խոսակցություններից մեկի ժամանակ մայրը կեսկատակ խնդրել է՝ ամեն գնով պահպանել կյանքը։ Մոր խրատը զարմացրել է որդուն։
Միքայելն ընտանիքի մեծ տղան էր․ հոր թիկունքն ու քրոջ և իրենից փոքր երկու եղբայրների խորհրդատուն։ Մինչև բանակ մեկնելը, օգնել է հորը։ Այնքան արագ է յուրացրել պատշարի գործը, որ հմտությունն օգտագործել է նաև ծառայության ընթացքում։
Կորյուն Հարությունյան - Մինչև պատերազմը որ զանգում էի, ասում էր՝ շար եմ անում, հարցնում էի՝ ինչ գիտեն, որ դու շար անել գիտես, ասում էր՝ բաց տեղեր կան, փակում եմ, բա ո՞վ պիտի անի։
Ավագ եղբոր կորստի հետ քույրն ու եղբայրները չեն հաշտվում։ 9 տարեկան Սամվելը, որին Միքայելը շատ էր երես տալիս, եղբոր նկարը ձեռքից չի գցում։ Քույրը՝ Գայանեն, բոլոր քայլերը մտովի համաձայնեցնում է հետը։ Ասում է՝ դատարկությունը ոչ մի կերպ չի լցվում։
Գայանե Հարությունյան - Երազիս շատ եմ տեսնում, միշտ գալիս, գրկում է ինձ ու գնում։
Հարությունն էլ երկու տարի հետո բանակ կգնա։ Ռազմարվեստի այբուբենը սովորել է Տիգրան Մեծ վարժարանում։ Կուզեր, որ գիտելիքները խաղաղության բանակին ծառայեցներ, բայց, եթե նոր մարտահրավեր լինի, ոչ մի րոպե չի երկմտի։
Հարություն Հարությունյան - Եթե պատերազմ լինի, հաստատ մասնակցելու եմ։
Միքայելի զոհվելու լուրից տիկին Սիրանուշի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Բազմանդամ ընտանիքը, որտեղ երեք անչափահաս կա, դժվար է գոյատևում։
Պետական աջակցության մասին լսել, բայց չեն օգտվել։ Միքայելի հայրը պաշտաճ չի համարում վիշտը սրտում՝ աջակցության հետևից գնալ։