Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը վերածվեց բանավեճի։ Հենց սկզբում «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը կասկածի տակ առավ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, պնդեց, քանի դեռ վարակը չենք հաղթահարել, ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրել դրա դեմ պայքարի արդյունքները, գնատական տալ։
Ժամանակավոր հանձնաժողով ձևավորվել է իրավունքի ուժով՝ ընդդիմադիրներ խմբակցությունների առաջարկով։ Նախագահն էլ «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն է։ Պատգամավորը բացատրում է՝ միասին են որոշելու թիրախային ուղղությունները: Կարծում է՝ մեկ տարում կուտակած փորձը բավարար է, որ գնահատական տան վարակի դեմ պայքարում կառավարության իրականացրած միջոցառումներին։
Քննիչ հանձաժողովի օրակարգը հագեցած է լինելու, հարցերն էլ, որ պատասխան են պահաջնում, շատ են։ Իշխանությանը հակադարձում, ընդդիմադիր իրենց գործընկերների գաղափարին աջակցում են «Բարգավաճ Հայաստանից»։
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հիշում է դեռ 2020-ի մարտը, երբ Հայաստանում գրանցվեց առաջին դեպքը, ընդգծում՝ իշխանությունը, ի հեճուկս դրան, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ էր իրականացնում։
Երբ ԲՀԿ պատգամավորի մեղադրանքներին պատասխանեց «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը, Մելքումյանն ու Զոհրաբյանը նախապես զգուշացրել, նիստից դուրս էին եկել: Իշխանական խմբակցության պատգամավորը հիշեց ժամանակագրությունը։ Առաջին դեպքը 2020-ի գարնան առաջին օրն էր հաստատվել, այդ պատճառով չկայացավ Մարտի 1-ի երթը: Քովիդը որպես համաճարակ ԱՀԿ-ն որակեց արդեն մարտի 11-ին, մարտի 12-ից «Իմ քայլը» դադարեցրեց քարոզարշավը, արտակարգ դրություն սահմանվեց 16-ին, 24-ից էլ երկիրն անցավ լոքդաունի։ Այսքանից հետո Ջուլհակյանն էլ կորոնայի օրերին ԲՀԿ-ի քայլերի մասին հիշեցրեց:
Քննիչ հանձնաժողովում ընդգրկված «Իմ քայլի» պատգամավորները, սակայն, իրենց ելույթներում պնդում էին, որ մնում են նույն կարծիքին, դեռ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէր։ Խորհրդարանի կարծիքը, որն արտահայտվելու է զեկույցում, պետք է թերի չլինի։
Ելույթներից հետո հանձնաժողովի նախագահը կոչ արեց աշխատանքը շարունակել հարգանքի ու գործընկերային մթնոլորտում։ Առաջին նիստին նաև հանձնաժողովի փոխնախագահ ընտրեցին՝ «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։