Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարը ամփոփել է 2020 թ. աշխատանքը:
Կարեն Թամազյանի խոսքով՝ անցած տարվա բյուջեով նախատեսված 1 տրլ 607 մլրդ դրամ եկամտահարկի հավաքագրումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, չի հաջողվել իրականացնել: Տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվել է և նվազեցվել մինչև 1 տրլ 326 մլրդ դրամ:
Դրա դիմաց Պետեկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրլ 385 մլրդ դրամ, տեղի է ունեցել 59 մլրդ դրամ գերակատարում՝ ընդգծել է Կարեն Թամազյանը:
Բիզնեսը պարտաճանաչ ՀԴՄ տպելով հանդերձ՝ հարկայինին խաբելու նոր ձև է գտել, զարմանքով արձանագրում են Պետեկամուտների կոմիտեից:
Կառույցը բացահայտել է, որ տնտեսվարողներն անցած տարի առաջին անգամ սկսել են միջամտել դրամարկղային սարքերի ծրագիրը, ինչի արդյունքում, օրինակ՝ 1000 դրամի ապրանք վաճառած խանութը սպառողին այդ գումարի կտրոն է տալիս, բայց փողի չափը պակասեցնելուց հետո է միայն ֆինանսական գործարքի մասին տվյալը փոխանցում համակարգ:
Նման խախտում թույլ տված հարկ վճարողները հայտնվել են ՊԵԿ-ի մշտական հսկողության տակ: Կոմիտեի հարկային վարչարարության և դիտարկումների բաժնի ղեկավարի հավաստմամբ՝ ՀԴՄ-ների աշխատանքն այս տարի շարունակելու են ուսումնասիրել, առավել ուշադիր են լինելու հին սերնդի սարքեր օգտագործողների նկատմամբ: