ԱՄՆ իրավապահ մարմինները հետաքննում են կոնգրեսականներին ուղղված սպառնալիքները՝ կապված Կապիտոլիումում անկարգությունների հնարավոր կրկնության հետ՝ հաղորդում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:
Սպառնալիքները հիմնականում տարածվում են առցանց: Դրանց հեղինակները սպառնում են հարձակվել կոնգրեսականների վրա, երբ նրանք ժամանեն կամ լքեն Կոնգրեսի շենքը՝ մասնակցելու Սենատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին:
Գործակալության տվյալով՝ իրավապահ մարմինները պատրաստվում են բողոքի ցույցերի և անկարգությունների կրկնությանը: Որոշվել է Վաշինգտոնում թողնել Ազգային գվարդիայի հազար զինծառայողի, որոնք ժամանել էին Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու:
ԱՄՆ Սենատը երկուշաբթի Ներկայացուցիչների պալատից նյութեր կստանա Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ և կսկսի քննարկել դրանք: Օրենքի համաձայն՝ մեղադրանքները ստանալուց հետո Սենատը պետք է անհապաղ սկսի իմփիչմենթի գործընթացը: Առաջին անգամ է դա տարածվում նախագահի վրա, որն արդեն լքել է պաշտոնը: