Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված բնակիչները:
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:
«Չնայած նշված բնակավայրերը չեն գտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի, բացառությամբ Արցախում աշխատանք ունեցողների և աշխատավարձ ստացողների, ընդունվեն նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դիմումները: Դրանք պետք է ներկայացվեն առձեռն եղանակով»,- մանրամասնել է Վիրաբյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ վերջին փոփոխությամբ շահառուների ցուցակն ընդլայնվել է:
«Նախկինում գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման այս ծրագրերից կարող էին օգտվել միայն ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Նոր փոփոխությամբ՝ շահառու են նաև նրանք, ում տները հայկական վերահսկողության ներքո են, սակայն պատերազմի հետևանքով վնասվել են և բնակության համար պիտանի չեն»,- հայտնել է Մանուչարյանը: