Հանձնաժողովն իրավունքի ուժով է ստեղծվել: Եվ այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունն անդամներ է առաջադրել, այն փաստը, որ այդ անդամներն այսօր եկել, քվորում են ապահովել, չի նշանակում, որ այն փաստարկները, որոնք հնչել են լիագումար նիստերի դահլիճում, պակաս հիմնավոր են դարձել: Մենք հիմա եկել ենք նաև դա քննարկելու՝ ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:
Ըստ պատգամավորի՝ կա երկու գլոբալ խնդիր:
«Եթե մենք գնահատեինք արդյունավետությունն ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական, եթե գնահատեինք օգոստոսին, կլիներ մի գնահատական: Երբ մեզ թվում էր, որ ամենածանր շրջանն անցել ենք, եկավ պատերազմը, և մենք ունեցանք ամենածանր շրջանը, երբ ամենաշատ դեպքերն էին օրական գրանցվում, հիմա ունենք նվազում: Ասեմ ավելին՝ մեր հարևան պետություններից մեկի օրինակն էր մեզ շարունակաբար բերվում, հետո, ցավոք, տեսանք՝ այդ պետությունում ինչ է կատարվում»,- ասաց Գրիգորյանը՝ մեկ դիտարկում անելով, թե ինչ գիտենք՝ անցել ենք ամենածանր շրջանը:
«Ինչի՞ վրա է հիմնված այդ գնահատականը: Այսինքն՝ մենք ուզում ենք դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել: Եթե նպատակը Կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել, բայց այս գործիքակազմի նպատակը, հրապարակային նիստերը, վերջում եզրակացությունը, որ ԱԺ-ից պետք է հնչեցվի, հուշում է, որ դրա նպատակը հընթացս գործին օգնելը չէ: Դա հանրությանն ԱԺ-ի գնահատական տալն է որևիցե բանի վերաբերյալ, որը տրամաբանորեն պետք է ավարտված լինի, իմ կարծիքով»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով հարցի սուբյեկտիվ հատվածին՝ նա նկատեց, որ ընդդիմադիր, նաև իշխանական որոշ գործընկերներ հնչեցրել են արդեն այնպիսի գնահատականներ, որոնք իրենց բնույթով վերջնական են:
«Հիմա այդ մարդիկ, ովքեր վերջնական գնահատական են հնչեցրել, հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են՝ դուք տապալեցիք քովիդի դեմ պայքարը և այլն, հիմա ոնց են ուսումնասիրելու և օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու: Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն իրենց նախկինում ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքեն, այլ ամեն կերպ փորձեն հաստատեն»,- հավելեց Գրիգորյանը: