ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է նախկինում իր արած հայտարարությանը, թե «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»:
Նա նշել է, որ պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020 թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում նշել էր, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:
«Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»,- ասել է նախկին նախարարը։
Տոնոյանն անդրադարձել է նաև Տավուշում հուլիսյան մարտերից հետո ծավալվող խոսակցություններին և մեղադրանքներին, ըստ որոնց՝ հուլիսյան դեպքերը չէին կարող հավելյալ անհանգստություն չպատճառել Ադրբեջանին և Թուրքիային:
«Ադրբեջանին և Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին։ Ռազմական նպատակների հասնելու տեսանկյունից ԶՈՒ գործողությունները եղել են գրեթե անթերի: Բայց մեզ համար անսպասելի էր Ալիևի և ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները Հայաստանին պատժելու վերաբերյալ՝ «տարածաշրջանային իրողություններին չտիրապետելու և իրավիճակը ապակայունացնելու» համար»,- ասել է Տոնոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: