«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, ով ինձ ճանաչում է, գիտի, թե ես ինչքան շատ եմ ազգիս սիրում, ինչքան եմ հպարտանում, որ ես հայ եմ ծնվել...»
Նույնիսկ գերության մեջ ադրբեջանական լրատվամիջոցին 32-ամյա Հայկ Դիլանյանը պատմում է, թե որքան թանկ է հայրենիքն իր համար: Բաքվի բանտում երկու ամիս անցկացնելուց հետո ինքն էլ մյուս 43 գերեվարվածների հետ հայրենիք է վերադարձել:
Հայկը, Ռուբենը, Սամվելը, Գագիկն ու մյուս տղաները Եռաբլուրում էլ հարազատ շիրիմների մոտ չեն հասկանում, թե ինչն է ավելի ցավոտ՝ մեռնե՞լը, թե՞ ապրելը, բայց գերության մեջ:
Նրանք պատերազմն սկսվելուն պես կամավորագրվել էին հայրենիքը պաշտպանելուն: Արցախի հյուսիսում անզիջում պայքարել են թշնամու դեմ, բայց հայտնվել շրջափակման մեջ:
Տղաները կռվի դաշտում շատ փորձությունների միջով են անցել, բայց դրանք ի՞նչ են գերեվարման օրվա համեմատ: Թաքստոցում մնացել են առանց հաց ու ջրի: Հակառակորդն սկզբում նռնակով, հետո արդեն անկանոն կրակոցներով է փորձել սպանել մերոնց, բայց տղաները համառորեն պայքարել են կյանքի համար.
Հայկ Դիլանյան (պատերազմի մասնակից) - Սարսափելի 20 օրեր էին այդ բունկերում. շատ մութ էր, լույս վառել չէինք կարող, որովհետև մեզ կնկատեին, խոսելիս իրար հետ շշուկով էինք խոսում, հազալիս էլ բարձով փակում էինք բերաններս:
Տղաների մտքով հնարավոր ամեն սցենար անցել է, բայց թշնամու ձեռքն ընկնել, գերեվարվել՝ երբեք: Հայկն ու մարտական ընկերները մտածում էին, որ կարողանալու են շրջափակումից դուրս գալ: Ինչ էլ լինի, լքելու են այդ խուցը, բայց առաջինը թշնամին է բացել բունկերի դուռը:
Տղաներին մի քանի օր Մատաղիսում պահել, հետո Բաքու են տարել: Հայկը բանտում անցկացրած օրերի մասին շատ չի պատմում: Ասում է՝ վերադարձի հույսը փոքր էր, բայց հավատը չէր մեռնում: Տղերքն ամեն վայրկյան սպասում էին, թե երբ են հայրենիք տանող ճանապարհը տեսնելու:
Հայկ Դիլանյան - Չէինք ուզում հավատալ, որ հետ ենք գալու: Դա ինձ համար ո՛չ բանակից հետ գալ է, ո՛չ երեխա ունենալուց կարող ես այդպես ուրախանալ: Գիտակցաբար ծնվում ես երկրորդ անգամ:
Սամվելը 24 տարեկան է: Ապրիլյանի ժամանակ ժամկետային էր, 44-օրյա պատերազմում՝ կամավորական: Կռվել է սկզբում Թալիշում, առաջնագծում համառ մարտեր մղելուց հետո տեղափոխվել Հադրութի Արբուլախ գյուղ: Թշնամու դիպուկահարից ծանր վիրավորվել, 7 օր միայնակ պայքարել է կյանքի համար:
Սամվել Ասատրյան (պատերազմի մասնակից) - Առաջին չորս օրը անշարժ վիճակում եմ եղել: Աստված է պահել, որովհետև հենց ծայրահեղ պահեր էին լինում, երբ սովից կամ ծարավից կարող էի վատանալ կամ ուշաթափվել, ծառից խնձոր կամ նուռ պոկվում էր, հենց գլորվում էր իմ կողմ:
Վիրավոր ոտքով սողալով գլորվել, մի լքված տուն է գտել Սամվելը: Մի կերպ պառկել է բազմոցին, որ շունչ քաշի: Հետո լսել է ինչ-որ ոտնաձայներ: Մտածել է՝ ուզում են կողոպտել տունը:
Սամվել Ասատրյան - «Դրանք եկան, բազմոցի վրա պառկած էի: Ինձի գցեցի ներքև, գլորվեցի սեղանի մոտ: Մտածեցի՝ գողություն են անում, թող անեն, գնան: Մի հոգի մտավ, ծածկոց, այլ իրեր վերցրեց, դուրս եկավ: Մտածեցի՝ բախտս բերեց:
Այսօրվա պես հիշում է Սամվելը, իրեն գերի վերցրածներից մեկը թալիշ էր, մյուսը՝ թուրք: Պատմում է, որ իրար լեզու չէին հասկանում։ Բայց իրար ոտքով-ձեռքով հասկացրել են, որ վիրակապել է պետք։ Ձեռքի տակ եղածով կապել են Սամվելին ու տարել:
Սամվել Ասատրյան - Բաքվում բանտ տարան: Այդ բանտում եղել ենք մոտավարապես 5 հոգի: Վերաբերմունքը, բնականաբար, վատ էր, բայց լավ մարդիկ էլ կային, որ գալիս էին, քաղցր էին հյուրասիրում, բայց որ տեսան՝ նման մարդիկ կան, հերթափոխից հանեցին:
Ի՞նչ կերավ, որտե՞ղ քնեց. ամեն օր իրեն այս հարցերն է տվել տիկին Սելինեն: Ոչ մի րոպե աչք չի փակել: Սամվելի մայրն ասում է՝ որդու գերեվարման մասին իմացել են տեսանյութից: 54 օր մայրն առանց որդու է ապրել: Ասում է՝ կարծես Սամվելը երկրորդ անգամ է ծնվել:
Սելենե Սարգսյան (Սամվել Ասատրյանի մայրը) - Քո անորոշությունը, որ ոչինչ չես կարողանում անել... դրանից ծանր բան չկա: Առողջական վիճակն ինչ ձևով կլիներ, դա էլ չէինք կարող միանշանակ վստահ լինել: Բայց ես միշտ վստահ եմ եղել, ինչքան իմ հետ խոսել են, ասել եմ՝ ինքն ավելի ուժեղացած է գալու:
Գերությունից վերադարձած տղաներն ընկերացել, որոշել են Ցականյաններին այցելել։ Այս ընտանիքն օգնեց, որ 44 հայ գերի Ադրբեջանից փրկվի, տուն հասնի։ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հայկական կողմն Ադրբեջանին վերադարձրեց նաև 2014-ին Նոր Էրքեջ գյուղի 16-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին սպանած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:
Սմբատի մայրը տղաներին հարազատ որդու պես է դիմավորում։ Իր որդին շատ էր քաղցր սիրում։ Հիմա տղաների համար է քաղցրի սեղան փռել։
Անահիտ Ցականյան (Սմբատ Ցականյանի մայրը) - Այ, հիմա ուրախացա, որ իրենք եկան ինձ տեսնելու: Դիմավորեցի իրենց, ասես իմ Սմբատը տուն մտավ: Ես միշտ սպասում եմ, որ իմ Սմբատը դուռը բացի, տուն մտնի:
Որդու ճանապարհին հայրն էլ է հավատով սպասում: Մեխակ Ցականյանը տղաներից որդու կարոտն է առնում։ Ասում է, եթե առաջ մի Սմբատ ուներ, հիմա նրանք 44-ն են:
Մեխակ Ցականյան (Սմբատ Ցականյանի հայրը) - Իմ երեխեքն են, իմ Սմբատներն են, իրենց ցավը տանեմ, թող ամենքի տանը մի հատ Սմբատ լինի, նրա պես հերոս:
Ռուբեն Սիմոնյան (պատերազմի մասնակից) - Ինչ-ինչ պատճառներով բոլորը չեն կարողացել ներկա լինել, բայց մենք այսքանս որոշեցինք գալ, հանդիպել, մեր շնորհակալությունն այս ընտանիքին հայտնել, ծանոթանալ, որպեսզի հետագայում ընկերություն անենք, որովհետև մենք բոլորս դարձել ենք մի մեծ ընտանիք:
Տղաները խոստացել են՝ Ցականյանների տանը միշտ գլուխ գլխի հավաքվելու են։ Սա արդեն իրենց երկրորդ տունն է։