Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցի ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները դաշնակից երկրի հետ: Երկրների առաջնորդներն անհրաժեշտ են համարել սերտ համագործակցություն սկսել կլիմայի փոփոխության, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսության վերականգնման խնդիրների հարցերում: Բայդենն ու Մակրոնը նաև պայմանավորվել են համատեղ աշխատել արտաքին քաղաքականության ընդհանուր գերակայությունների ուղղությամբ։
Աշխարհին հուզող գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ կորոնավիրուսը: Եվրամիությունն այս շաբաթ կգրանցի, և եվրոպական շուկայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի խոսքով՝ հետազոտությունները վկայում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը բարձր է: Նա նաև հավելել է, որ հնարավոր է, անհրաժեշտ մի քանի փոփոխությամբ, պատվաստանյութն արդյունավետ դարձնել նաև մուտացիայի ենթարկված վիրուսի դեմ պայքարում:
ԱՄՆ համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին նույնպես հաստատել է տեղեկությունը, թե կորոնավիրուսի անգլիական շտամը շատ ավելի վտանգավոր ու մահացու է, քան վիրուսի հին տարբերակը:
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչի
«Մեր ուսումնասիրությունները համընկել են բրիտանացիների հետազոտությունների արդյունքների հետ: Բրիտանացիները եկել են եզրակացության, որ վիրուսի նոր տեսակն առավել մահացու է: Նրանք ուսումնասիրել են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների: Այս նոր տեսակի վիրուսը տարբեր տեսանկյուններից ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսի մեզ արդեն ծանոթ տեսակը»:
Կորոնավիրուսը բազմաթիվ երկրների ստիպում է դիմել ավելի լուրջ սահմանափակումների: Ֆրասիայի գլխավոր բժշկական խորհրդականը հայտարարել է, որ առաջիկայում երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ կլինի երրորդ համապետական արգելափակումները սահմանել: Շվեդիայի իշխանություններն էլ որոշել են մինչև փետրվարի կեսը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը: Իսրայելը մեկ շաբաթով արգելել է բոլոր ներգնա և արտագնա ուղևորատար թռիչքները՝ կորոնավիրուսի մուտացված տարբերակների ներթափանցումից խուսափելու համար: Իսկ Նիդերլանդներում սահմանափակումների դեմ սկսված բողոքի ցույցերը շարունակվում են: Արդեն մի քանի օր է՝ երկրի տարածքում երեկոյան ժամերին պարետային ժամ է սահմանվել: Նիդերլանդցիներն իշխանությունից պահանջում են չեղարկել որոշումը: Ցույցերի ընթացքում բախումներ են սկսվել ոստիկանության և ակտիվիստների միջև: Իրավապահ մարմիններն օգտագործել են ջրցան մեքենաներ: