Շաքարավազ, ձեթ, կարագ, ալյուր և ցորեն... ապրանքային շուկաներում տեղի ունեցող թանկացումները ոչ թե պատերազմի, այլ, հիմնականում, կորոնավիրուսի համաճարակի հետևանքներ են: Ապրանքներն անմիջապես հայտնվեցին հակամոնոպոլ մարմնի տեսադաշտում:
Գեղամ Գևորգյան, ՏՄՊՊՀ նախագահ - Բոլոր թվերը և փաստաթղթերը գալիս են հիմնավորելու այն թեզը, որ տեղի է ունենում փոփոխություն հենց միջազգային բորսաներում: Արտաքին աշխարհում ևս գների կտրուկ աճ է նկատվում:
Դոլարի և ռուբլու նկատմամբ դրամի արժեզրկումը, մասնավորապես, շաքարավազի գնի բարձրացման վրա ընդամենը 4%-ով է ազդել։ Մինչդեռ միայն ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով: Միջազգային շուկայում բարձրացել են և շաքարավազի և արևածաղկի ձեթի հումքի գինը՝ ասում է հանձնաժողովի նախագահը:
Գեղամ Գևորգյանը բացառում է արհեստականորեն գների բարձրացումը քանի, որ շաքարավազի շուկայում հիմնական ներկրողի հետ ևս երկու տասնյակ ներկրողներ կան: Արևածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները, պայմանավորված ներկրման ծավալներով, բարձրացել են 6-16%-ով: Եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, գներն ավելի բարձր կարող էին լինել:
Գեղամ Գևորգյան - Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում նույն ձեթի մասով նույնիսկ սահմանափակումներ են մտցրել արտահանման հետ կապված, գներ են սահմանվել, իհարկե, դա Հայաստանի վրա չտարածվեց, որովհետև մենք ԵԱՏՄ երկիր ենք, բայց իրողությունը հետևյալն է. այո՛, աշխարհում գները թանկանում են:
Կարագի գներում, մասնավորապես, Նոր Զելանդական հանձնաժողովը գնի նվազման միտում է նկատել: Թեև Հայաստանը ցորեն արտադրում է, սակայն դրա զգալի մասն օգտագործվում է սպիրտի և անասնակերի արտադրության համար: Հացի համար օգտագործում են հիմնականում ներկրված ցորեն և ալյուր: Ցորենի հիմնական ներկրողները երկուսն են՝ ասում է հանձնաժողովի նախագահը, որոնց գործունեությունում ևս գերիշխող դիրքի չարաշահում չի արձանագրվել:
Գեղամ Գևորգյան - Թե՛ Քովիդի ժամանակ, թե՛ դրանից հետո անդադար ցորենի և ալյուրի շուկան ենթարկվել է մշտադիտարկման, անդադար համեմատական գներն էինք վերլուծում, անդադար վերլուծում էինք դրա բաղադրիչները և, հավատացնում եմ, եթե լիներ փաստ, որ ցորենի կամ ալյուրի շուկայում կա չարաշահում, մենք ազդակներ կունենայինք:
Ձվի շուկայի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանը նույնիսկ կարող է ձու կամ ձվի փոշի արտահանել: Շուտով կհրապարակվի նաև բենզինի շուկայի ուսումնասիրությունը: