Ադրբեջանը խուսափում է պատասխանատվությունից և չի կատարում Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճիռը: Եվրադատարանն ուղիղ մեկ տարի առաջ հրապարակեց վճիռը՝ ճանաչելով Սարիբեկյանի խախտված իրավունքը՝ Բաքվին պարտավորեցնելով նաև փոխհատուցում տրամադրել:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Արդարացի փոխհատուցման տրամադրումը վճռի կատարման աննշան մի մասն է, ոչ էական: Իրավունքի տեսակետից շատ ավելի էական բաներ կան անելու: Նախ ասեմ, որ արդարացի փոխհատուցումը վճարված չէ:
2010-ին Ադրբեջանն առևանգել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ Մանվել Սարիբեկյանին, հովվին ներկայացրել որպես դիվերսանտ ու սպանել նրան: Եվրադատարանի վճիռն ուժի մեջ է մտել հրապարակումից 8 ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին: Մինչև այդ Մեծ պալատը մերժել էր վարույթ ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի բողոքները: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ կոնկրետ գործակալներն են սպանել Թթուջուր գյուղի 20-ամյա բնակչին: Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին հաջողվել էր ապացուցել սպանության փաստը:
Արտակ Զեյնալյան - Պետք է Ադրբեջանը վարույթ սկսի, պետք է բացահայտի այն մեղավորներին, որին մատնացույց է արել Եվրոպական դատարանը մեր միջոցով, նրանց դատի, ենթարկի պատասխանատվության: Նրանք պետք է պատիժը կրեն նույնությամբ, ինչպես որ կկրեին իրենց երկրում ազերիներին սպանած անձինք, խոշտանգած անձինք:
Գործում պետք է ներգրավվեն Սարիբեկյանների իրավահաջորդները, ունենան ներկայացուցիչներ ու միջնորդություններով հանդես գալու հնարավորություն: Չորրորդ ամիսն է, սակայն, Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումը: Բաքուն պարտավոր էր փոխհատուցումը տրամադրել եռամսյա ժամկետում, դա ևս չի կատարել: Ուշացնելու դեպքում պետք է վճարի տոկոսադրույքներ:
Արտակ Զեյնալյան - Սա պետք է վերահսկվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից, արտաքին գործերի նախարարների կոմիտեի կողմից պետք է վերահսկվի վճռի կատարման ընթացքը:
Իրավապաշտպանները պատրաստվում են դիմել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Արտակ Զեյնալյանը կարևոր է համարում նաև գործընթացում Հայաստանի օրենսդիր, գործադիր մարմինների, Եվրոպայի խորհրդի այլ պետությունների ներգրավումը, որոնք պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց երկրներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կատարման համար:
Արտակ Զեյնալյան - Նախարարների կոմիտեի առջև նա պատասխանատու է, պետք է հաշվետու լինի ՄԻԵԴ վճիռների կատարման համար:
Դեկտեմբերին գերությունից վերադարձած Կարեն Ղազարյանի, Նարեկ Սարդարյանի և մյուսների գործով ևս դեռ պետք է ճանաչվեն նրանց խախտված իրավունքններն, ու դրանք վերականգնվեն:
ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչներն այս պահին պաշտպանում են 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական հսկողության տակ հայտնված 90 անձի իրավունք: