Քուվեյթում ԿԺԴՀ-ի դեսպանության առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ռյու Հյուն Վուն փախել է Հարավային Կորեա՝ հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Renhap-ի իրազեկ աղբյուրին:
Ըստ տեղեկությունների՝ Ռյու Հյուն Վուն Սեուլ է մեկնել ընտանիքի հետ: Նա դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարն էր 2017-ից, երբ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո դեսպան Սեոն Չանգ Սիկը վտարվեց Քուվեյթից:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Ռյու Հյուն Վուն, հնարավոր է, Յունգ Իլ Յունգի փեսան է, որը մինչև 2017 թվականը ղեկավարում էր, այսպես կոչված, «Գրասենյակ 39» կազմակերպությունը: Այն հայտնի է որպես Հյուսիսային Կորեայի առաջնորդների «անձնական պահոց», որն օգտագործվում էր գաղտնի ֆոնդերի կառավարման և շքեղ ապրանքների ձեռքբերման համար:
Ենթադրում են, որ Ռյու Հյուն Վուն Հարավային Կորեա է մեկնել՝ անհանգստացած իր երեխաների ապագայով:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել դիվանագետի փախուստը: