Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։
Թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։
Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։
Դեռևս նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։
Հիշեցնենք, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2 մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300.000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով: