ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, խոսել է այն մասին, որ ադրբեջանցի գործընկերը՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը, փորձում էր իր ելույթը կառուցել այնպես, կարծես այլևս որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև խոսում էր խաղաղությունից:
«Իմ ադրբեջանցի պաշտոնակից պարոն Սեիդովն այսօր խոսեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտության մասին: Եկեք խոսենք վստահության մթնոլորտի մասին։ Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, այնպիսի հագուստով, ինչպիսիք կրում են COVID-ի բուժման հետ կապված բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: Դրոշմանիշում պատկերված տղամարդը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից:
Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանություններն այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե այո, ապա սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։
Մյուս կարևոր խնդիրն, անշուշտ, ռազմագերիների հետ կապված հարցն է: Համաձայն զինադադարի մասին հայտարարության՝ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Ցավոք, սա տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը և, դեռ ավելին, զինադադարից հետո ադրբեջանական կողմն իրականացրել է այլ հարձակումներ 2 գյուղի վրա, ինչի արդյունքում գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանն սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»: Ես չեմ կարծում, որ սա վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլ է:
Հարգելի գործընկերներ, 20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարիների ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ լինել կողմնապահ։
Կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման: Ես կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի աղաղակող գործողություններն ու լեզուն, որը կիրառվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և կոչ անել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, որովհետև այս մարդիկ պարզապես գտնվում են սպանված լինելու անմիջական վտանգի տակ»,- ասել է Ռուբինյանը: