Չնայած աշխարհում կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասներին՝ Չինաստանը 2020 թ. եղել է ամենաշատ օտարերկրյա ուղղակի ներդրում (ՕՈՒՆ) ներգրաված երկիրն աշխարհում: Չինաստանի տնտեսության մեջ անցած տարի իրականացվել է 163 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցին: 2020 թ. ԱՄՆ-ում եղել է 134 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում: 2019 թ. Միացյալ Նահանգները ներգրավել է 251, իսկ Չինաստանը՝ 140 միլիարդ դոլար:
Չինաստանի տնտեսության վերականգնումը հատկապես արագացել է անցած տարվա չորրորդ եռամսյակում՝ մասնագետների կարծիքով՝ շարունակելով զարգանալ նաև այս տարվա սկզբին: Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թ. աճել է 2,3%-ով՝ այդպիսով երկիրը դարձնելով աշխարհի միակ խոշոր տնտեսությամբ երկիրը, որն անցած տարի չի արձանագրել ՀՆԱ անկում:
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%: