Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ:
«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում է ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Տեղի ունեցածից հետո ոստիկանությունն այցելել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Հրազենի գնդակը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում: