ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ազատության» եթերում հաստատել է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա:
«Ազատություն» - Ըստ տեղեկությունների՝ Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:
Լիլիթ Մակունց - Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:
«Ազատություն» - Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա:
Լիլիթ Մակունց - Ո՛չ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա:
«Ազատություն» - Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք:
Լիլիթ Մակունց - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։