Հունվարի 24-ին՝ ժամը 09։32-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ԿամԱԶ» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին բախվել են «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1989 թ.) և «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1990 թ.)։
Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (բեռնված 6 տ աղով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 8 մետր և շրջվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները Mercedes C200 մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարներն արգելափակված տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: