Իր առաջին ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում, և արդեն 91 տարի նրա հզոր երաժշտությունը մեր անբաժան ուղեկիցն է:
Որ երևանցի փոքրիկ տղան ծնվել է երաժշտությունը ներսում, առաջինն արձանագրեցին ազգային մշակույթի 2 հսկաները։ Առնոն 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրյանի թեթև ձեռքով ստացավ իր երաժշտական մկրտությունը, իսկ Չարենցը նրան ոգեշնչեց՝ աշակերտական տետրի լուսանցքում թողնելով իր մակագրությունը: Նրանք չսխալվեցին, ու Բաբաջանյանը մի ամբողջ երաժշտական դարաշրջան ձևավորեց:
Առնոյի ամենօրյա շփումները քաղաքի, մարդկանց, փողոցների ու շենքերի հետ նրա գլխում անմիջապես վերածվում էին զարմանալի հնչյունների. Երևանը հարստանում էր նրա խնդությամբ, մոգական երաժշտությամբ ու արտիստիկ ներկայությամբ: Բաբաջանյանի 2 տարերքը՝ կոմպոզիցիան ու դաշնամուրը, կլանում էին նրա ամբողջ ժամանակը: Տարիներ շարունակ դաշնակահարների տարբեր սերունդներ քննարկում էին նրա ձախ ձեռքի ֆենոմենը, թե ինչպես էր նրա մի շնչով նվագում Շոպենի 24 պրելյուդները և թե ինչպես հսկա գործիքը հլու-հնազանդ էր նրա հուժկու ձեռքերին:
Երբ 50-ականների վերջին Բաբաջանյանը տեղափոխվեց Մոսկվա և կամերային ու սիմֆոնիկ երաժշտությանը զուգահեռ սկսեց շատ ակտիվ ստեղծագործել նաև փոփ, ջազ ժանրերում, շատ հաճախ էր հնչում հարցը, թե ինչու «Հերոսական բալլադի, «Դաշնամուրային տրիոյի», «Վաղարշապատի պարի» և «Կապրիչիոյի» հեղինակին առավելապես ճանաչում են որպես էստրադային երգերի հեղինակ:
Բայց դա էր իրողությունը. նրա քնարական ,էքսպրեսիվ ու դրամատիկ երգերը վաղուց հատել էին Խորհրդային Միության սահմանը և համաշխարհային ճանաչում բերել նրան:
Անգամ Մոսկվայում բնակվելու տարիներին Բաբաջանյանը ձգտում էր հաճախ լինել Հայաստանում: Տևական ժամանակով գալիս էր Երևան, հանգստանում և ստեղծագործում էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և հաճախ էր կրկնում իր ձևակերպումը. «Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում»:
Ազգային երաժշտարվեստի մեծ ավանդույթի հետ օրգանական կապը նա պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում, որ ժանրում էլ որ ստեղծագործեր:
Ի հեճուկս հնչող հակասական կարծքիների՝ Բաբաջանյանն ապրում էր իր հախուռն ու լեցուն կյանքը՝ հավատարիմ մնալով ազատության աննահանջ տարերքին ու երբևէ չենթ արկվելով որևէ պարտադրանքի՝ շարունակելով ստեղծել իր հզոր երաժշտությունը, որը բոլոր ժամանակների համար է և չի չափվում 100-ամյակով;