Սա Անիպեմզան է՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին ամենամոտ գյուղը: Այստեղից պատմական Կարս ուղիղ գծով մոտ 50 կիլոմետր է: Այնտեղ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են հերթական զորավարժությունները: Հարձակողական սցենարով մարտական կրակով կգործեն տանկերը, հրետանային միջոցները, ուղղաթիռներն ու հատուկջոկատայինները:
Փշալարերից մի քանի մետր այս կողմ գյուղի անդորրը խախտում է 67-ամյա Արտուշ Ավդալյանի շան հաչոցը: Սահմանապահ Անիպեմզան ունի ավելի քան 80 բնակիչ: Ասում են՝ ապրում են բնականոն կյանքով, բայց թշնամին անկանխատեսելի է.
Թուրքական մամուլը գրում է՝ «Ձմեռ-2021» զորավարժություններին, որի կրակային փուլը մեկնարկելու է փետրվարի 1-ին, օգտագործելու են նոր զինատեսակներ:
Փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ վարժանքները Կարսում նոր չեն. դրանց, որպես կանոն,ասնակցում են Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:
Տարոն Հովհաննիսյան - «Օրբելի» կենտրոնի փորձագետ - Սա ոչ թե ուշադրության արժանի չէ, որովհետև նոր երևույթ չէ, այլ ուշադրության արժանի է, որովհետև պատերազմի ավարտից և համատեղ հայտարարության ստորագրումից ու այն խոսակցությունների ֆոնին, որ ենթակառուցվածքներն են բացվելու, համագործակցությանը միտված քայլեր են իրականացնելու, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց պլանային քաղաքականությունը;
«Աքփաբա» զորավարժարանում անցկացվող զորավարժությունները 7 տարվա պատմություն ունեն: Փորձագետի դիտարկմամբ՝ զորավարժություններին ընդգրկվող անձնակազմն այնքան էլ մեծ չէ, բայց դա չի նշանակում, որ մտահոգվելու առիթ չունենք.
Տարոն Հովհաննիսյան - Վաշտի կամ դասակի մակարդակով զորավարժությունը նմանատիպ մեծ շուքով ներկայացնելը, փիառ անելը, իհարկե, խոսում է այն մասին, որ դա ուղերձ է պարունակում մեզ ուղղված, այսինքն՝ կան սպառնալիքներ։
Փորձագետի համոզմամբ՝ հենց սահմանին զորավարժություններ անցկացնելով, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են վախի մթնոլորտում պահել Հայաստանը:
Տարոն Հովհաննիսյան - Պատերազմի ավարտից հետո, եթե իրենք մտադրություն ունենային մեղմացման գնալու կամ քաղաքականության փոփոխության, անգամ պլանային զորավարժությունները կարող էին չեղարկել կամ նմանատիպ շուքով չհայտարարել, ինչ-որ տարբեր տեսակի տեսանյութերով ու հայտարարություններով չգովազդել այդ վարժանքները։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունն իր հայտարարություններով շարունակում է հակահայկական գործունեությամբ զբաղվել: Իսկ դա, ըստ փորձագետի, մտածված է, ևս մեկ առիթ՝ ցույց տալու, որ իրենք պատերազմից առաջ ու հետո բացահայտ սատարում են Ադրբեջանին:
Տարոն Հովհաննիսյան - Թուրքիան այս պահին միակողմանիորեն ամբողջությամբ սատարում է Ադրբեջանին բոլոր հարցերում։ Հստակ կերպով ցույց են տալիս, որ իրենք շարունակելու են իրենց զինված ուժերի մերձեցումը, համատեղ վարժանքները և ագրեսիվ հայտարարությունները։
Թե ինչով կառանձնան թուրք-ադրբեջանական 14-օրյա զորավարժությունները, դժվար է կանխատեսել: Բայց հարևան Թուրքիան իր ագրեսիվ քաղաքականությամբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է՝ նաև հայերի նկատմամբ սանձազերծված պատերազմում կողմնակալ դիրքորոշման պատճառով: