Ծաղկաձորյան հավաքին ձյուդոյի Հայաստանի հավաքականը մեկնել է ավելի երիտասարդ կազմով։ Նախորդ տարվա դեկտեմբերին անցկացվել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա էլ ձևավորվել է Ծաղկաձոր ժամանած մարզիկների կազմը։ Այդկերպ մեծահասակների թիմում հայտնվել են մի շարք երիտասարդ ու հեռանկարային ձյուդոյիստներ։
Ծաղկաձորյան հավաքի նպատակն ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա աշխատանքն է, որին արդեն հաջորդելու է երկրորդ հավաքը։ Առջևում նախանշված է կարևոր միջազգային մրցաշար, որը կկայանա Իսրայելում՝ Թել-Ավիվում՝ փետրվարի 18-20-ը։
Տարվա առաջին մարզական հավաքին ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացել է առանց առաջատարի։ Ֆերդինանդ Կարապետյանը, որն ամենամոտն է Օլիմպիական ուղեգիր նվաճելուն, բժշկական միջամտությունից հետո վերականգնման փուլում է։ Ձյուդոյի հավաքականի մարզչական շտաբը նրա հետ աշխատելու հնարավորություն կունենա երկրորդ հավաքի ընթացքում։
Նախորդ տարին ձյուդոյի հավաքականը բավական հաջող էր սկսել։ Թել-Ավիվում տեղի ունեցած նույն «Մեծ սաղավարտի» մրցաշարում Ֆերդինանդ Կարապետյանը դուրս էր եկել եզրափակիչ, սակայն մատի կոտրվածքի պատճառով մարզիչները որոշել էին հրաժարվել հետագա պայքարից՝ բավարարվելով արծաթե մեդալով։
Այս տարի, մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը, կազմակերպվելու են մրցաշարեր, որոնք վարկանշային միավորներ կապահովեն աշխարհի ամենաուժեղ ձյուդոյիստներին, սակայն անորոշությունների ու օրացուցային հստակության բացակայությունն ավելի է բարդացնում խնդիրը։
Կարճ ժամանակահատվածում ձյուդոյի հավաքականի մարզչական շտաբը պետք է կարողանա հասկանալ, թե ովքեր պետք է մեկնեն մրցաշարերի ու հնարավորության դեպքում վաստակեն միավորներ՝ հնարավորության դեպքում նաև նվաճելով Օլիմպիական ուղեգիր։