Թուղթ ու գրիչով նամակ գրելու մշակույթն այսօր փոխարինվում է նորագույն տեխնոլոգիաներով, մինչդեռ աշխարհը շարունակում է ամեն տարի հունվարի 23-ին տոնել ձեռագրի միջազգային օրը: Գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանը չի հուսահատվում, քանի դեռ օրը հիշում են, ուրեմն մարդկանց համար ձեռագիրը դեռ նշանակություն ունի: Ձեռագիրը նախ վավերագրություն է, իսկ առավել բարձր արժեք ունեն գրողների վավերագրերը:
Վլադիմիր Կիրակոսյան, գրականագետ - Սրանից մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Երևանի գրապահոցներում հանկարծ հայտնաբերել գերմանացի Գյոթեի մի ձեռագիր պատառիկ: Գերմանացիները շատ մեծ շնորհակալությամբ այդ նվերն ընդունեցին:
Մեր բոլոր գրողներից շատ ձեռագրեր կան պահպանված, Կիրակոսյանը առանձնացնում է ամենայն հայոց բանաստեղծին:
Վլադիմիր Կիրակոսյան - Դա սրբազան մասունք է: Դա մենակ ինչ-որ մեկի ձեռագիրը չէ, որ մենք պահպանում ենք: Մենք պահպանում ենք մեր պատմությունը: Այդպիսի յուրաքանչյուր մեծ մարդ ինքն իր անձով պատմություն է ստեղծում, և նրա ձեռագիրը դառնում է այդ պատմության վավերագիրը:
Ձեռագիրը կարող է պատմել հեղինակի բնավորության ու նաև կյանքի մասին, դա նաև ստեղծագործության կենսագրությունն է:
Վլադիմիր Կիրակոսյան - Ձեռագրեր կան՝ սևագիր են, ձեռագրեր կան՝ պատառիկներ են, ձեռագրեր կան, որ այդ ձեռագրի վրա այնքան հավելումներ, ջնջումներ կան, որ հատուկ մասնագիտություն է պետք, որ կարողանա այդ ձեռագիրը վերականգնել: Բարեբախտաբար, այդ մասնագետները կան:
Տիկին Մարինեն առանձնացնում ու խնամքով պահվող արկղից դուրս է բերում ձեռագրեր, որոնք բացառիկ ցուցադրություններում են միայն լինում:
Մարինե Բաղդասարյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ - Սրանք այն ձեռագրերն են, որ ընտանիքը հանձնել է թանգարանին:
Ձեռագրերն ամենադժվար պահվող իրերից են, թանաքը կարող է լույսից խունանալ, ջերմաստիճանի տատանումից՝ քայքայվել: 1920 թվական, դեկտեմեբրի 18: Այս նամակը գրել է իր երեխաներից Աշխենին, Մուշեղին և Համիկին: Ֆոնդապահը պատմում է՝ հաճախ էր երեխաներին ասում, որ օրվա ընթացքի մասին գրեն, հիշատակարաններ ունենան:
Մարինե Բաղդասարյան - Նամակները միայնկ անձնական բաներ չեն, դրանք շատ մութ կետեր են պարզում այդ ժամանակների համար՝ մեր հետագա սերունդների համար դառնալով թանկագին սկզբնաղբյուր:
Գրականագետն օրվա առիթով ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ձեռագիրը մշակութային գանձ է: Որքան այն հնանում է, այնքան այդ արժեքը բարձրանում է: