Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղացած առատ ձյունը մի շարք խնդիրներ են առաջացրել ձեզ համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար: Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում է մարդկային աշխատուժը, բայց աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելուն մի շարք հանգամանքներ են խոչընդոտում:
Վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվն զգալիորեն մեծացել է, ինչը բացասաբար է ազդում մերկասառույցի կանխարգելման աշխատանքներին:
Աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշակի տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:
Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Առկա մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար:
Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կա՛մ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային լրակազմը լրջորեն համալրելու կարիք կա:
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը ու ակնկալում նրանց աջակցությունը վերը թվարկված խնդիրների կարգավորման հարցում. ով ինչով կարող է: Իսկ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ունեցած հնարավորությունները առավելագույնս օգտագործելով»: