Ազատ ոճային ըմբիշները Ծաղկաձորում շարունակում են իրենց երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Բելգրադում կայացած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունից հետո հենց այս հավաքով է ազատ ոճայինների ազգային ընտրանին պատրաստվում գալիք մրցաշարերին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ազատ ոճայիններն աշխատում են իրենց ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածության վրա։
Առողջական խնդիրներ կամ վնասվածքներ ունեցողներ չկան։ Պատրաստ են բոլորը։ Հավաքին հաջորդելու է ևս մեկը, սակայն արդեն Երևանում, որից հետո գալիս է միջազգային մրցաշարերի ժամանակը։ Դրանցից առաջինը նախատեսված է Բուդապեշտում, ապա Սոֆիայում։ Դրանք տեղի կունենան մարտ և մայիս ամիսներին։ Թիմի տղաները պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար, սակայն գլխավոր մարզիչը չի ցանկանում խոսել հստակ թվերով, թե քանի ուղեգիր է ակնկալում․ անելու են առավելագույնը։
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նախորդ տարվա դեկտեմբերին նվաճեց ոսկե մեդալ՝ ճանապարհին տանելով 5 տպավորիչ հաղթանակ: Եզրափակչում 21-ամյա ըմբիշը 9:1 հաշվով առավելության հասավ 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ: Այժմ Վազգենից ակնկալիքներն է՛լ ավելի բարձր են։ Մարզիկը վստահեցնում է, որ հավաքն ընթանում է լավ մթնոլորտում և բոլորը ներդնելու են իրենց առավելագույն ջանքերը վարկանշային մրցաշարերում։
Կորոնավիրուսային իրականությունն ամբողջությամբ փոխել է իրավիճակը մարզաշխարհում։ Հաբեթնակ Կուրղինյանը խոստովանում է, որ փաստացի գալիք վարկանշային մրցաշարերին իրենք պատրաստվում են ավելի քան մեկ տարի։ Մի շարք հարցեր կարգավորվում են կարճ ժամանակահատվածում, սակայն մարզչական շտաբը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։