Վերջին 13 տարվա ամենացածր ջերմաստիճանն անցած գիշեր է գրանցվել: Աշոցքում ջերմաչափի սնդիկն իջել էր 0-ից ցածր՝ մինչև 35 աստիճան: Հունվարի 19-ի տեղումներից հետո ջերմաստիճանի կտրուկ անկումը պայմանավորված է սկանդինավյան ցուրտ հոսանքներով, որի կենտրոնը համարվում են Շիրակն ու Արարատյան դաշտը:
Գագիկ Սուրենյան (Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Վերջին անգամ 35-36 աստիճան ցուրտ Աշոցքի հատվածում գրանցվել էր 2008 թվականին:
Ապարանի, Կոտայքի, Սիսիանի լեռնային բնակավայրերում գրանցվել է մինչև 30 աստիճան ցուրտ: Սառնամանիքներ են գրանցվել նաև Արաքսի հովտում՝ մինչև 20 աստիճան, Երևանի բարձրադիր հատվածներում ավելի տաք է եղել, քան Արարատում, ինչը բնական է, քանի որ ցուրտ հոսանքը սովորաբար կուտակվում է գոգավոր հատվածներում: Ըստ օդերևութաբանների՝ խաղողի այն այգիները, որոնցում այգեթաղ չի եղել, հնարավոր է՝ վնասներ կրեն: 0-ից ցածր 20 աստիճանը Արարատյան դաշտի համար սաստիկ սառնամանիք չի համարվում, եթե աշնանը այգեթաղ է արվել:
Գագիկ Սուրենյան - Երևանի և Արարատյան դաշտի պատմական նվազագույն ջերմաստիճանները մինչև 31-32 աստիճան են: 2002 թվին Արարատյան դաշտում ֆիքսել ենք մինչև 32 աստիճան, 2008 թվականին՝ նորից 28-29 աստիճան:
Եվս մի քանի օր, և օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հուսադրում է Գագիկ Սուրենյանը: Ցուրտ հոսանքը Հայաստանի տարածքում կպահպանվի մինչև հունվարի 26-ը: Հայաստանի տարածք են ներթափանցում տաք օդային հոսքեր՝ հարավ-արևմուտքից:
Գագիկ Սուրենյան - Հունվարի 26-28-ը հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ՝ այսօրվա համեմատ: 26-28-ին բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաքում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում՝ 8-10 աստիճանով:
Տեղումներ դեռ կլինեն: Ըստ օդերևութաբանի՝ տաք փետրվար է սպասվում: