Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա:
Նա շեշտադրել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը պարտադիր պայման է:
Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք: