2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը։
Ինչպես նշել էի, այս բոլոր դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։
Մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։
Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։
Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: Հետագայում նշված մեխանիզմով հնարավոր կլինի օպերատիվ արձագանքել բոլոր դեպքերին, երբ ուսուցչի բացակայության պատճառով երեխաները որևէ առարկա չեն ուսումնասիրում»,- գրել է Անդրեասյանը։