ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացվել են ստուգումներ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք, 1-ին հողամաս հասցեում կառուցվող՝ նկուղային մասով երկհարկանի պահեստամասերի խանութի շինարարական աշխատանքների նկատմամբ։
Նշված հողամասի հասցեում գտնվող «պահեստամասերի խանութ» գործառնական նշանակության կառույցում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ստուգմամբ պարզվել է, որ Մարտունի համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված նախագիծը չի համապատասխանել ճարտարապետահատակագծային առաջադրանքին, շինարարության թույլտվությունը չի համապատասխանել սահմանված կարգին, այսինքն՝ 3-րդ ռիսկայնության աստիճանի օբյեկտի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է առանց նախագծի փորձաքննության դրական եզրակացության։ Բացի դրանից՝ համայնքի ղեկավարի կողմից Տեսչական մարմին չի ներկայացվել Ձև 2-5 տեղեկանքը, և շինարարությունը չի իրականացվել համաձայնեցված նախագծին համապատասխան։
Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։