Ռազմիկի հաջողության ուղին. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այսպես է վերնագրել զինհաշմանդամների և պատերազմի մասնակիցների վերապատրաստման ծրագիրը:
Կրթական ծրագիրն ունենալու է նաև գործնական պարապմունքի հնարավորություն:
Անահիտ Սարգսյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ) - Թույլ կտա նրանց վստահորեն մուտք գործել ոլորտ: Կոնցեպտը պատրաստ է, քննարկումներ են գնումч վերջնականացնելու կոնցեպտն ու գործընկերների ցանկը:
Երբ հայտարարվի IT ծրագրի մեկնարկը, լրացուցիչ կտեղեկացվի՝ ինչպես կարելի է դիմել նախագծին մասնակցելու համար: Անահիտ Սարգսյանի խոսքով՝ պատերազմի մասնակիցների համար դասընթացն ամբողջությամբ անվճար կլինի: Չկան սահմանափակումներ:
Անահիտ Սարգսյան - Սա վերաբերելու է ոչ միայն վերջին պատերազմի մասնակիցներին, առհասարակ, և՛ ապրիլյան, և՛ հուլիսյան, և՛ 1-ին արցախյան պատերազմին: Սահմանափակում չի լինելու, կարող են զինգրքույկը կցել ու անվճար է լինելու:
Դասընթացների մի մասն առցանց կլինի: Դրանք կվարեն մասնագիտական ժյուրիի ընտրած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները՝ նախարարության հայտարարած դրամաշնորհով:
Անահիտ Սարգսյան - Ամեն ինչ անելու ենք, աշխատելու ենք բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ, որ կարողանանք հասնենք վերջնական նպատակին, ինչ-որ մի տոկոսի ապահովենք աշխատանքով:
IT ոլորտը, ծրագրավորումը մեծ հնարավորություն են հատկապես տեղաշարժի խնդիր ունեցող զինծառայողների համար:
Անահիտ Սարգսյան - Կազմակերպությունները, որ աշխատանքի են վերցնում, ունեն պետության կողմից ֆինանսավորում՝ աշխատատեղը հարմարեցնեն:
Նման հնարավորություններից մեկն էլ պատերազմից առաջ մեկնարկած Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված գործակցություն ծրագիրն է, որն այս տարի ևս կշարունակվի:
Դրամաշնորհի պայմանների մեջ հատուկ կշեշտվի՝ զինհաշմանդամների ու պատերազմի մասնակիցների համար ծրագիրը անվճար է: