Տարիներ շարունակ Շիրակի մարզը «դժվար» մարզի համբավ է ունեցել, որտեղ ղեկավարումը բարդ է եղել, սոցիալ տնտեսական դրությունն ու աղքատությունը՝ բարձր մակարդակի։ Հետպատերազմական այս շրջանում ստանձնելով մարզպետի պաշտոնը՝ Հովհաննես Հարությունյանը հայտարարում է, որ շատ լավ է գիտակցում՝ ինչպիսի բարդ ու պատասխանատու փուլում է ստանձնում մարզի ղեկավարումը։ Ամենահրատապ ու ցավոտ հարցն այս պահին պատերազմից հետո մարզի գերեվարված քաղաքացիների հարցն է։
Նորանշանակ մարզպետն ընդգծեց, որ կարանտինի և պատերազմի պատճառով կասեցված ծրագրերի վերագործարկումն առաջնահերթություն է։ Հայտարարեց՝ արդեն պայմանավորվածություն ունի Էկոնոմիկայի նախարարի հետ՝ Գյումրիում ներդրումային ծրագրեր քննարկելու համար։
Մասնագիտությամբ վիրաբույժ, 2016-ից առողջապահության աշխատանքի կազմակերպիչ, այնուհետև առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ մասնագիտական կարողություններն իրեն օգնելու են ճիշտ ախտորոշել Շիրակում առկա խնդիրները և լուծել դրանք։
Նոր մարզպետն իր թիմո՞վ է գալիս, թե՞ կաշխատի հին կադրերի հետ։ Կադրային ինչպիսի՞ քաղաքականություն կվարի։ Հարությունյանն ասաց․ «Խնդիր դրվեց, որ պետք է բոլորն աշխատեն: Փոփոխությունները լինելու են պատճառաբանված»:
Նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն օրեր առաջ էր հրաժարականի դիմում ներկայացրել՝ խոստանալով պատճառների մասին խոսել, հենց որ գործադիրի կողմից ընդունվի հրաժարականի իր դիմումը։ Նա այսօր արդեն մարզպետարանում չէր։ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ Տիգրան Պետրոսյանին մարզպետարանում չի հանդիպել, նրա հետ առավոտյան հեռախոսով է խոսել, պայմանավորվել են վաղը հանդիպել աշխատասենյակում։