Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ կառավարության և Ֆրանսիայի միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրերին առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Ռաֆայել Ժոզան հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն իրենց համար վստահելի և կարևոր գործընկեր է, և իրենք շահագրգիռ են ընդլայնել համագործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է 2021 թվականին Շրջակա միջավայի նախարարության գերակա ուղղությունները, խոսել ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք դեռ 2020 թվականին նախաձեռնել է նախարարությունը և առանձնացրել այն կարևորագույն խնդիրներն ու անելիքները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ և նորարարական մոտեցումներ։
Աննա Մազմանյանը մասնավորապես առանձնացրել է կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերը, անտառների կառավարումը, ջրային ռեսուրսների պահպանությունը և բնության հատուկ պահպանվող տարածքների համալիր զարգացումն ու կառավարումը։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ այս ոլորտներում Հայաստանը խիստ կարևորում է նորարարական լուծումները, փորձագետների ներգրավումը և տեղի մասնագետների պարբերաբար վերապատրաստումները, իսկ այդ հարցում կարիք կա նաև ֆրանսիացի գործընկերների գործուն աջակցության և ներգրավվածության։
Պարոն Ռաֆայել Ժոզան տեղեկացրել է, որ Ֆրանսիան խիստ հետաքրքված է Կլիմայի փոփոխության մարտահրավերներին երկրների համատեղ արձագանքով, և որ իրենք պատրաստ են Հայաստանին ևս այս հարցում օժանդակություն տրամադրել։
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետը գործընկերներին հայտնել է, որ շրջակա միջավայրի ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումներին ուղղված միջոցառումներն առկա են ՀՀ կառավարության ծրագրում և սահմանած առաջնահերթ ուղղություններում։ Նա ներկայացրել է կառավարության կողմից արդեն հաստատված ծրագիրը, որը բխում է հենց այդ առաջնահերթ ուղղություններից։
Շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող միջոցառումների ցանկը կտրամադրվի գործընկերներին՝ հետագա քաննարկումների նպատակով։
Ամփոփելով հանդիպումը, կողմերը պայմանավորվել են մշակել համատեղ աշխատակարգ և պարբերական հանդիպումների ու քննարկումների արդյունքում կյանքի կոչել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր։
ԶՖԳ-ը կայուն զարգացման ներդրումների հանրային հաստատություն է, որը գործում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից։
Ներկայում ԶՖԳ-ն Հայաստանում աջակցում է՝
-
Վեդիի ջրամբարի կառուցմանը.
-
Սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների էներգետիկ արդյունավետության վերականգնմանը և բարլավմանը.
-
2016-ից սկսած պետական քաղաքականության բարեփոխումներին հարկային, տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում՝ ԶՖԳ-ի վարկավորման և ՀՀ-ի կողմից սուբսիդավորման միջոցով: