Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կրկին Բաբաջանյան էր հնչում: Մաեստրոյի ծննդյան 100-ամյակի սկիզբն ազդարարվեց այն քաղաքում, որտեղ իր կյանքի մեծ մասն անցկացրել է երևանցի կոմպոզիտորը: Չայկովսկու շրջանավարտը լայն հանրությանն ավելի շատ հայտնի է երգի ժանրով, սակայն այս անգամ Բաբաջանյանի հարազատ կրթօջախում հնչեցին կոմպոզիտորի դասական ստեղծագործությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության սիմֆոնիկ նվագախումբը՝ գնդապետ, դիրիժոր Դուրիգինի հրահանգներով համերգը բացեց սիմֆոնիկ նվագախմբի համար «Պոեմ ռապսոդիայով»:
Սերգեյ Դուրիգին (ՌԴ ՊՆ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր) - Ռուսաստանի պաշտպանության նախարարության սիմֆոնիկ նվագախումբը երկար տարիներ համագործակցում է «Բաբաջանյան» հիմնադրամի հետ: Մեզ բախտ է վիճակվել երկու անգամ լինել Հայաստանում, ներկայանալ այնտեղ, որտեղ ծնվում են այդպիսի բացառիկ երաժիշտներ: Մեծ թվով կոմպոզիտորներ կան, որոնց երաժշտությունը չի հնչում, իսկ Բաբաջանյան միշտ է հնչում:
Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը: Այդպես էլ եղավ: Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում Լիտվինսկու, Պեյկոյի, Ռոգալ-Լևիցկու ղեկավարությամբ պարապմունքները հզոր ազդակ եղան ստեղծագործական այն ինքնահաստատման, որի առաջին տպավորիչ արտահայտություններից էր Պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համար:
Կոմպոզիտորի ստեղծագործական հասունության բարձրակետը դարձավ 1959-ին ավարտված Ջութակի ու դաշնամուրի սոնատը, իսկ ստեղծագործական անհատականությունը դրսևորվեց դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում»: Նաև «Բալետային սյուիտ», «Ձոն Հայաստանին», «Սերենադ» և «Իմ սիրտը լեռներում» պիեսները շեփորի և նվագախմբի համար «Ալմա-աթա» կոչվող դահլիճում կատարեցին ջութակահար Հայկ Կազազյանը, դաշնակահար Նիկիտա Գալակտիոնովն ու շեփորահար Երշովը։
Նիկիտա Գալակտիոնով (Դաշնակահար) - Հերոսական բալլադը» վսեմ զգացումներ է արթնացնում, որը վկայում է այն մասին, որ մեզ հետ վառ աստղ էր, և դա իսկապես մեծ երջանկություն է բոլորի համար, դրա մասին է խոսում այն, որ չնայած համավարակին՝ դահլիճը գրեթե լեփ-լեցուն է:
Հայկ Կազազյան (Ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար) - Ջութակի կոնցերտի մասին, որ կատարեցի, իմացել եմ 5-6 տարի առաջ, այսօր առաջին անգամ էի կատարում, այն շատ բարդ է տեխնիկապես, և արժանի է համաշխարհային բեմերում հնչելուն:
Համավարակով պայմանավորված՝ վերջին մեկ տարվա ընթացքում պասիվացած հայ-ռուսական մշակութային կյանքը նոր շունչ առավ բաբաջանյանական հնչյուններով: Չնայած որոշ սահմանափակումների՝ համերգը կայացավ:
Վարդան Տողանյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - «Առնո Բաբաջանյան» ֆոնդի հետ մենք որոշեցինք, որ այս տարի երկու միջոցառում կլինի, սրանով կսկսենք դասական հատվածը, իսկ ամռանը կամ աշնանը էստրադային հատվածը կլինի ավելի ընդարձակ մասշտաբներով: Ծրագրեր կան կապված և՛ հուշարձանի բացման հետ, և՛ երաժշտական դպրոցի, կլինեն մշակութային օրեր:
Արամայիս Կամալով (Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ) - Այն երաժշտությունը, որ այսօր հնչում է, պետք է ոգեշնչի մեզ ապագայի հանդեպ: Եվ պետք է ամեն ինչ անել՝ առավել ամրապնդելու հայ-ռուսական պատմական կապերը:
Ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ Հեռավոր Արևելքից մինչև Կալինինգրադ, Հայաստանում, Գերմանիայում, Ղազախստանում, Ղրղզստանում կանցկացվեն կոմպոզիտորի ստեղծագործությանը նվիրված տարբեր միջոցառումներ:
Փառատոնը կավարտվի աշնանը Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում։