2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ առաջ, ՀՖՖ 9 անդամ՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, ՀՖՖ կանոնադրության 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին՝ պահանջելով 2021 թ. հունվարի 20-ին կազմակերպել արտահերթ ժողով՝ հետևյալ օրակարգով՝
1. Հայտարարություն առ այն, որ արտահերթ ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ կանոնադրությանը համապատասխան, արտահերթ ժողովի պատվիրակների լիազորությունների ճանաչում.
2. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն.
3. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.
4. ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամության կասեցում.
5. Շիրակ ՖԱ ՀԿ անդամագրում:
ՀՖՖ կանոնադրության նույն՝ 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ նման պարագայում ՀՖՖ արտահերթ ժողովը պետք է անցկացվի դիմումը ստանալուց 2 ամսվա ընթացքում, և արտահերթ ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշումը պետք է կայացնի ՀՖՖ գործադիր կոմիտեն: Այն պարագայում, երբ ՀՖՖ գործադիր կոմիտեն չի հրավիրում արտահերթ ժողով, դիմումը ստորագրած անդամներին ներկայացնող պատվիրակներն իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտահերթ ժողով:
Այսօր ՀՖՖ-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ 9 անդամը, չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին և դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում 2021 թ. փետրվարի 1-ին և ուղարկել են համապատասխան ծանուցումներ ՀՖՖ մնացած անդամներին:
Հայտնում ենք, որ արտահերթ ժողովի հրավիրման նախաձեռնությամբ հանդես եկած 9 անդամը սույն գործընթացի իրականացման շրջանակներում պարտավոր են հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և պահպանել սահմանված երկամսյա ժամկետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, նշված արտահերթ ժողովը չի կարող հրավիրվել, իսկ հրավիրվելու պարագայում կկրի ապօրինի բնույթ, և ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները չեն ունենա իրավական ուժ:
Այդ կապակցությամբ կոչ ենք անում ՀՖՖ բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին և հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին: Հակառակ պարագայում ՀՖՖ-ն ստիպված կլինի այդ ժողովին մասնակից բոլոր անդամների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ՝ ընդհուպ անդամության կասեցում և անդամությունից հեռացում: