Կորոնավիրուսի բռնկումը հենց հանդարտվում է, մանկական հիվանդանոցներում է հոսքն ավելանում: Նախկինում այլ վիրուսներից հետո երեխաների մոտ առաջացող կավասակիի համախտանիշն այժմ ի հայտ է գալիս կորոնավիրուսի հետևանքով: Բայց ոչ թե բուն կավասակի է, այլ կոչվում է կավասակիանման հիվանդություն: Ախտանշաններն ու հիվանդության ընթացքը գրեթե չեն տարբերվում, բայց Քովիդի հետևանքով առաջացողի դեպքում, եթե բուժումն ուշանա, հնարավոր են նաև լրացուցիչ բարդություններ:
Լիլիթ Վարդանյան, «Արաբկիր» ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժնի վարիչ - Քանի որ ինքն իրենից ներկայացնում է միջին տրամաչափի անոթների բորբոքում, բոլոր օրգան-համակարգերի կողմից կարող ենք ունենալ բորբոքային փոփոխություններ՝ այդ թվում նաև սրտի կողմից: Ամենահաճախ հանդիպող բարդությունը սրտի ախտահարումն է ու սիրտը սնուցող անոթների ախտահարումը:
Ի դեպ, հիվանդության ընթացքն այնպիսին է, որ ծնողները, հնարավոր է, շփոթեն այլ հիվանդությունների հետ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս. եթե ձեր երեխան կորոնավիրուսով վարակվելուց մի քանի շաբաթ անց ունենա այս ախտանշանները, անպայման դիմեք բժշկի օգնությանը:
Լիլիթ Վարդանյան - Մաշկային ու լորձաթաղանթային բորբոքումներ, որոնք կարող են հանդես գալ աչքերի բորբոքմամբ՝ առանց արտադրության, կարմրությամբ: Մարմնի ցանավորում, վերջույթների այտուցներ, կոպերի այտուց: Երեխաներն ունենում են նաև արտահայտված հոդամկանացավեր, գլխացավեր, ընդհանուր թուլություն: Շատ հաճախ հանդիպում են նաև ստամոքս-աղիքային տրակտի ախտահարման երևույթները, արտահայտված որովայնացավեր, լուծ, փսխում:
Վախենալ պետք չէ, բայց զգուշությունը պարտադիր է: Սա հազվագյուտ հիվանդություն է, բայց, օրինակ, միայն «Արաբկիր» բուժկենտրոնում, Քովիդի ի հայտ գալուց հետո, նույնքան դեպք է արձանագրվել, որքան վերջին 10 տարիների ընթացքում՝ տարբեր վիրուսների հետևանքով:
Լիլիթ Վարդանյան - Պանդեմիայի սկզբից մինչ այժմ բուժվել է 53 երեխա:
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած կավասակիանման հիվանդությունը չբուժելու դեպքում կարող են ախտահարվել ոչ միայն սիրտը, այլ նաև սրտի փականներն ու սիրտը պատող թաղանքը: Կավասակին ու կավասակիանման հիվանդությունը վարակիչ չեն: Սա վարակի հետևանքով բարդություն է:
Լիլիթ Վարդանյան - Քովիդ ասոցիացիայի դեպքում զարգացումը կարող է շատ արագ ընթանալ, նշանների ի հայտ գալը, շոկային իրավիճակը շատ արագ է տեղի ունենում:
Ի դեպ, եթե մինչև այժմ մասնագետները կարծում էին, որ կավասակին հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո կարծրատիպը կոտրվել է: Քովիդի առաջացրած այս բարդությունը հանդիպել է նույնիսկ մինչև 17 տարեկանների մոտ: Միջին տարիքը 7-8-ն է: Կավասակիանման հիվանդությունը կանխորոշել, կանխարգելել հնարավոր չէ: Պարզապես կորոնավիրուս տարած երեխաների ծնողները պետք է ուշադիր լինեն բժշկի նշած ախտանշանների հանդեպ: