Մոնիտորին թարթող հզորությունը Մեծամորի ատոմակայանինն է: Այստեղից են ցանցեր ուղարկում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսից ավելին:
Արթուր Դավթյան, ՀԱԷԿ-ի կենտրոնական վահանակի մեքենավար - Այս պահին աշխատում է 410 մեգավատով՝ երկու տուրբինը միասին:
Տուրբին-գեներատորները հայկական ԱԷԿ-ում ամբողջությամբ նորացվել են անցյալ տարի: Աշխատանքի արդյունքը տեսնելու եկած ՀՀ տարածքային կառավարման նախարարին ու մեր երկրում Ռուսաստանի դեսպանին ատոմակայանի տնօրենը մեկ անգամ ևս ներկայացնում է երկրորդ էներգաբլոկի վերազինման առաջիկա ժամանակացույցը. հերթը ռեակտորի թարմացմանն է: Գործը մինչև հիմա կատարած միջամտություններից թերևս ամենաբարդը. հատուկ տեխնոլոգիայով մինչև 475 աստիճան ջերմության պայմաններում՝ մասնագետները պետք է թրծեն ռեակտորի իրանը:
Էդվարդ Մարտիրոսյան, ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն - Արդեն ռուսական կողմը մատակարարել է թրծման համար անհրաժեշտ սարքավորումները և արված է այդ սարքավարումների որոշակի կարգաբերում, որպեսզի ժամանակ չկորցնենք: Դա կբարձրացնի մետաղի հատկությունները՝ ֆիզիկական ու մեխանիկական, ինչը լրացուցիչ կբարձրացնի էներգաբլոկի և ռեակտորի անվտանգությունը:
Հենց այդ աշխատանքի համար է, որ մայիսի կեսից ատոմակայանը կանգնեցվելու է, նախորդ վերազինումների համեմատ աննախադեպ երկար՝ 141 օր տևողությամբ: Աշխատանքն իրականացնելու են «Ռոսատոմի» մի խումբ կազմակերպություններ՝ արդեն ոչ թե ռուսական վարկով, այլ Հայաստանի ֆինանսավորմամբ: Գումարի խնդիր չունեն՝ վստահեցնում է տնօրեն Մարտիրոսյանը:
Էդվարդ Մարտիրոսյան - Այն ֆինանսական միջոցները, որ նախատեսված էին պայմանագրով ու կատարվող աշխատանքի համար, ամբողջությամբ հատկացված են: Որևէ ֆինանսական խնդիր, որ կարող է խոչընդոտել կամ հետաձգել աշխատանքները, չկան:
Տարին վճռորոշ է լինելու ատոմակայանի համար՝ շրջայցին հաջորդած խորհրդակցությանն արձանագրում է դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հայ-ռուսական այս համագործակցության մասին ասում՝ ԱԷԿ-ը պետք է մնա որպես երկրում ամենաէժան հոսանք արտադրող աղբյուր:
Սերգեյ Կոպիրկին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան - Ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն՝ մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել:
Շնորհակալություն բոլորին՝ կորոնավիրուսի ու պատերազմի ընթացքում սպառողների անխափան էներգիամատակարարման համար՝ քննարկման մասնակիցներին այսպես ողջունեց նախարար Սուրեն Պապիկյանը: Հիշեցրեց՝ պետությունը նախատեսում է երկարաձգել այս տարի շահագործման 45-րդ տարին նշող ԱԷԿ-ի շահագործումը:
Սուրեն Պապիկյան, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Մինչև 2040 թվականի էներգետիկ ռազմավարության ծրագրում կառավարությունը հաստատել է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո առնվազն մինչև 2036 թվականը:
Տնօրենը վստահեցնում է՝ Մեծամորը երևի այն եզակի կայաններից է, որտեղ ռեակտորի իրանն իր մետաղական որակով ցույց է տվել, որ տևական ժամանակ դեռ կարող է ծառայել: Ավելի կոնկրետ կխոսեն էներգաբլոկի, այսպես ասած, «սիրտը» թրծելուց հետո:
Սուրեն Պապիկյան - Մենք այս պահի դրությամբ ունենք հիմնական աշխատանքների ավարտ՝ հոկտեմբերին, որից հետո պետք է ստանանք նոր արտոնագիր՝ շահագործման 5 տարով և, հետագայում, 2026 թվականից նորից կդիմենք երկարաձգման համար:
Միջուկային վառելիքից հոսանք ստացող բլոկների վերազինմանը զուգահեռ՝ ԱԷԿ-ն առաջիկա օրերին էլ մրցույթ կհայտարարի տարածքում էներգետիկ նոր ենթակայան կառուցելու, նաև հովացման աշտարակները նորացնելու համար:
Սուրեն Պապիկյան - Սկզբում նախատեսվում է առաջին ու երրորդ աշխատակների նորոգումը: Կարծում եմ՝ այս տարի մեկը նորոգված կլինի:
Հարակից այդ գործերը կայանի անջատում չեն պահանջի: Կիրականացվեն միաժամանակ՝ հոսանքի արտադրության հետ: