Եվրախորհրդարանի օրակարգում դրվեցին սեղանին «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն» տարեկան զեկույց-բանաձևերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի, պատերազմական հանցագործությունների, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ սպասվող քայլերը հատկապես հումանիտար հարցերի շուրջ էին՝ արձագանքում է մեր արտաքին գերատեսչությունը:
Աննա Նաղդալյան (ՀՀ ԱԳՆ խոսնակ) - Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:
Բանաձևում հստակ ընդգծվել են հատկապես գերիների անհապաղ հայրենադարձման, Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրների մասին Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Եվրախորհրդարանը նաև կողմ արտահայտվեց առանց որևէ խոչընդոտի Արցախ հումանիտար աջակցություն հասցնելու մասին:
Աննա Նաղդալյան - Մենք կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը, ի դեմս նման բանաձևերի, նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»: Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:
Արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապեր ստեղծելուն, երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարում է, թե պատրաստ են քայլեր ձեռնարկել մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորել, եթե երկարատև խաղաղության լինի: Արժանահավա՞տ է այս հայտարարությունը. արձագանքում է մեր արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը:
Աննա Նաղդալյան - Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով, ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ:
Միայն Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է նախապայման դառնալ տարածաշրջանում վստահության ձևավորման համար:
Հարևանների քայլերը վստահություն չեն ներշնչում: