ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց գնահատել ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և դրան հաջորդած որոշ զարգացումներ, երբ դատարանները սկսեցին մերժել զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները:
«Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում, չեք ընտրում: Ես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ և ձեռնպահ կմնամ այդ գնահատականները բարձրաձայնելուց, բայց կասեմ՝ եթե այդ հիմքով՝ Ձեր հիշատակած կարգապահական վարույթ հարուցվի, և ԲԴԽ-ն քննարկի, ապա ես իմ տեսակետը իհարկե կարտահայտեմ»,- ասաց Ջհանգիրյանը:
Նա նշեց, որ երբ խոսում էին դատարանների որոշումների կանխատեսելիության մասին, խնդիրը հենց դա էր, որ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար, որոնք կարող են վտանգի ենթարկել շատերի կյանքը, պետական անվտանգությունը, կառավարման համակարգը, պետք է գործեն խափանման միջոցները:
«Եթե այդպիսի պարագաներում ամենախիստ խափանման միջոց կալանքը չի գործում է՝ դա բացատրելի չէ, բայց Ձեր նշած կոնկրետ գործերի պարագայում ո՛չ ծանոթ եմ այդ մեղադրանքներին, որոշումներին, ո՛չ էլ ծանոթ եմ դատարանների որոշումների հիմնավորումներին: Դրա համար մեծ սիրով կսպասեմ՝ եթե այդպիսի դեպքերում հարուցվեն կարգապահական վարույթներ, այն ժամանակ քննարկենք»,- ասաց Ջհանգիրյանը: