ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին: Նրա խոսքով՝ դատական համակարգն է եղել այն հիմնարար դերակատարը, որ հաստատուն կերպով պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին:
«Չլիներ այդ պաշտպանությունը, Հայաստանը հեղափոխության կարիք չէր ունենա, գտնվեին այդ համակարգում մի քանի ընդվզող դատավորներ՝ մենք բոլորովին այլ որակի պետություն կունենայինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել դատական համակարգում տարիներ շարունակ:
Ամենաարատավորված մարդկանց խցկելով դատական համակարգ, ներդնելով նրանց այնտեղ՝ տեղի է ունեցել պետական ինստիտուտների դեգրադացիա, որն ուղղակիորեն անդրադարձել է պետության պաշտպանության, պաշտպանունակության, դիմադրողունակության, պետության ներքին և արտաքին մարտահրավերների դիմադրողունակության և դիմադրողականության վրա»,- նշեց Բաբաջանյանը:
Նա դատական համակարգը որակեց նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը: «Պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականը ուշացնելը շատ թանկ է նստելու մեր պետության վրա: Պետությունը բռնազավթելու նախորդ քաղաքական իշխանության մտադրությունը հնարավոր էր իրագործել բացառապես պետության իրավական անվտանգությունն ապահողով մարմինների, մասնավորապես, դատական իշխանության ակտիվ դերակատարմամբ և մասնակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը: