ԲԴԽ անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը:
«Ցավոք սրտի, իշխանության եկած ներկա քաղաքական ուժն անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, և մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շաժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր Սահմանադրությունը հստակ հնարավորություն է տալիս: Դատական օրենսգրքին իրավունք է տալիս նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Եվ այդ հնարավորությունը, ես կարծում եմ, օրենսդիր մարմինը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից և անձանցից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը»,- նշեց Ջհանգիրյանը՝ մատնանշելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ կետը, որ հնարավորություն է տալիս մտցնել նոր սահմանափակումներ:
Նրա կարծիքով՝ մեկ այլ խնդիր է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ նշանակությունների խախտումը, որն ըստ Ջհանգիրյանի՝ դատական համակարգն ուղեկցում է 1995 թվականից:
«Իր ստեղծման առաջին օրվանից ՍԴ-ը փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը: Եվ իր որոշումներով մինչ օրս էլ նրանք փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենք իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Ընդ որում՝ այդպիսի առաքելություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ը պետք է հաստատի կամ հերքի այսինչ նորմի կամ դրույթի հակասահմանադրականության խնդիրը, և ոչ ավելին»,- նշեց Ջհանգիրյանը:
Անկախ դատարանի ստեղծման խնդիրը կլուծի մնացած բոլոր իրավապահ մարմիններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ եզրափակեց Ջհանգիրյանը: